2026թ․ մարտի 16-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 102 խմբի ուսանողները քոլեջի «Քիմիա» առարկայի դասախոս Ն. Հարությունյանի ղեկավարությամբ իրականացրեցին «Ածխաջրածինների բնական աղբյուրները և ծագումնաբանական կապը» թեմայով գործնական աշխատանք։
Դասի նպատակն էր ձևավորել և զարգացնել ուսանողների գիտելիքներն ու պատկերացումները ածխաջրածինների բնական աղբյուրների, դրանց սահմանափակության, վերամշակման եղանակների, կիրառման ոլորտների, ինչպես նաև այրման արգասիքներով պայմանավորված մթնոլորտի քիմիական աղտոտման վերաբերյալ։ Միաժամանակ նպատակ էր դրվել զարգացնել սովորողների քիմիական մտածողությունը՝ վերլուծելու, համեմատելու, ուսումնասիրված նյութում տրամաբանական կապեր հաստատելու, գիտելիքները ընդհանրացնելու, համակարգելու և գործնականում կիրառելու կարողությունները։
Դասի ընթացքում սահմանված նպատակներն ամբողջությամբ իրականացվեցին։ Ուսանողները տարբերակեցին բնական և ուղեկից նավթային գազերի բաղադրիչները, ներկայացրեցին ածխաջրածինների բնական աղբյուրները, նավթի վերամշակման հիմնական եղանակները՝ թորումը և կրեկինգը, ստացված նավթանյութերը, ինչպես նաև քարածխի չոր թորման արգասիքներն ու դրանց կիրառման ոլորտները՝ որպես վառելանյութ և օրգանական նյութերի սինթեզի հումք։
Նրանք նաև անդրադարձան ածխաջրածնային հումքի արդյունահանման և տեղափոխման ընթացքում առաջացող էկոլոգիական հիմնախնդիրներին, կարևորեցին էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման անհրաժեշտությունը և քննարկեցին ոլորտում առկա մարտահրավերները։ Ուսանողները ստացած գիտելիքները կիրառեցին գործնականում՝ կազմելով ածխաջրածինների տարբեր դասերի միջև փոխակերպումները արտահայտող ռեակցիաների հավասարումներ և կատարեցին համապատասխան վարժություններ։
Դասն անցավ ակտիվ և ներգրավված մթնոլորտում։ Ուսանողները թեման ներկայացրեցին տեսանյութերի, սահիկների, պաստառների և գնդաձողային մոդելների միջոցով՝ կիրառելով ժամանակակից ուսուցման տարբեր մեթոդներ։
Արդյունքում ուսանողները լիարժեք յուրացրեցին թեման և եկան կարևոր եզրահանգման․ ածխաջրածինները, լինելով կենսական նշանակություն ունեցող ռեսուրսներ, պահանջում են խելամիտ, պատասխանատու և կայուն օգտագործում։
Մարտի 17, 2026թ.


