Պատմություն

Երեվանի հենակետային բժշկական քոլեջի պատմությունը

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ն Հայաստանում միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն է: Այն հիմնվել է 1921 թվականին մանկաբարձ-գինեկոլոգ Գրիգոր Արեշյանի կողմից: Տարիների ընթացքում ուսումնական հաստատությունը կազմավորվել և կայացել է որպես Երևանի բազային բժշկական ուսումնարան, որի բազայի հիման վրա հետագայում ստեղծվել են ուսումնարաններ և մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Արմավիրում, Արարատում, Դիլիջանում, Գավառում, Հրազդանում, Մարտունիում, նաև Երևանում, որոնք հետագայում վերակազմավորվել են առանձին ուսումնական հաստատությունների, սակայն տարիներ շարունակ մեթոդական և ծրագրային ուղեցույցները ստացել են Երևանի բազային բժշկական ուսումնարանից:

ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 20-ի թիվ 1009 որոշման և 28.03.03թ. ՀՀ ԱՆ №174 հրամանի համաձայն՝ «ՀՀ առողջապահության նախարարության բազային բժշկական ուսումնարանը» վերակազմավորվել է «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի:

ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 26-ի թիվ 1437-Ն որոշման և ՀՀ ԿԳ նախարարի 2017թ. դեկտեմբերի 26-ի №1516 Ա/2 հրամանի համաձայն՝ «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության («ԵՀԲՔ» ՓԲԸ), որը համարվել է «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը:

Հիմք ընդունելով միջազգային փորձը, Առողջապահության միջազգային կազմակերպության, Վիեննայի, Ալմա-Աթայի, Գալիցինոյի կոնֆերանսների դեկլարացիաները, ինչպես նաև 1993 թվականին Մոսկվայում կազմակերպված «Նոր քույրեր նոր Ռուսաստանի համար» միջազգային գիտապրակտիկ երկամսյա կոնֆերանսը, որին մասնակցել էր քոլեջի այդ տարիների տնօրեն Մ.Մկրտչյանը և բերել էր այնտեղից նյութեր, ժամանակի հրամայական պահանջը դարձավ միջնակարգ մասնագիտական կրթական բարեփոխումների իրականացումը մեր հանրապետությունում: Սակայն այս բարեփոխումները ունեին դժվարություններ՝ անհրաժեշտ էր հարստացնել նյութատեխնիկական բազան, կրթել կրթողներին, ստեղծել հայերեն լեզվով մասնագիտական գրականություն: Ժամանակակից համաշխարհային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն ապահովելու համար քոլեջը 1996 թվականից իրականացրեց ծրագրային փոփոխություններ, բուժքույրերի և մանկաբարձների բազային կրթությունը սկսվեց իրականացվել եռամյա կրթական պլաններով, ուսումնական ծրագրերը փոխվեցին՝ ելնելով առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացվող պահանջներից: Արդյունքում Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դիպլոմը ճանաչված է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, իսկ դա նշանակում է, որ քոլեջի շրջանավարտները առանց խոչընդոտի կարող են միջին բուժաշխատողի կարիերա սկսել նաև արտերկրում:

Քոլեջի շենքը տարիներ շարունակ չէր վերանորոգվել և գտնվում էր անբարեկարգ վիճակում: Տարիների ընթացքում բարելավվեցին նաև քոլեջի շենքային պայմանները: Այն հիմնովին վերանորոգվեց, համապատասխանեցվեց ժամանակի պահանջներին: Քոլեջում ուսանողների համար ստեղծվեցին լավագույն պայմաններ: Բոլոր առարկաների/մոդուլների համար գործում են դիտողական պարագաներով, տեսալսողական սարքերով կահավորված կաբինետներ և լաբորատորիաներ, որոնք համապատասխանում են կրթական չափորոշիչների պահանջներին ըստ մասնագիտությունների: Ինչ վերաբերվում է բժշկական հաստատություններում անցկացվող ուսումնաարտադրական և արտադրական նախադիպլոմային պրակտիկաներին, քոլեջը համապատասխան պայմանագրերի շրջանակում համագործակցում է Երևանի և մարզերի մի շարք խոշոր կլինիկաների, պոլիկլինիկաների, ծննդատների, գիտահետազոտական կենտրոնների, դեղատնային ցանցերի, կոսմետոլոգիական կենտրոնների հետ: Ամբիոնների դասախոսների կողմից, մեթոդական կաբինետի երաշխավորությամբ և հանրապետության անվանի մասնագետների գրախոսականներով մշակվել և տպագրվել է շուրջ 73 անուն ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր՝ հայերեն լեզվով, նախատեսված միջին մասնագիտական կրթությամբ բուժախատողների համար և այդ բոլորը տրամադրվել է նաև հանրապետության մյուս միջին մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատություններին:

Երևանի հենակետային բժշկական քոլեջում կրթադաստիարակչական գործունեությունը զուգակցվում է ազգային հայրենասիրական գաղափարներով, մարզական առողջ ոգով և արվեստի բարձր արժեքներով: Մեկ դար շարունակ քոլեջը ոչ միայն կադրեր է պատրաստել առողջապահության համակարգի միջին մասնագիտական սեկտորի համար, այլ նաև կյանք ուղարկել հայրենիքի համար իր աշխատանքի կարևորությունը գիտակցող, ազգային արժեքները գնահատող, առողջ ապրող ու դատող երիտասարդներ:

2013 թվականից ՀՀ ԿԳ նախարարության կողմից փորձնական նպատակով քոլեջում իրականացվեց մոդուլային ուսուցում հետևյալ մասնագիտություններով՝ «Դեղագործություն», «Մանկաբարձական գործ», «Բուժական կոսմետոլոգիա»: 2019թ. «Դեղագործություն», իսկ 2021 թվականից «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտությունների կրթական ծրագրերի դասավանդումը իրականացվում է վերանայված պետական կրթական չափորոշիչներով: Կատարվել են ծրագրային փոփոխություններ, ամբիոնների կողմից տեղայնացվել են մոդուլային ծրագրերը, մշակվել են օրինակելի ուսումնական պլաններ, ստեղծվել են մեթոդական մշակումներ, ուսումնական ձեռնարկներ, բաժանողական նյութեր:

2014թ․ և 2017թ․ Քոլեջը «Համազգային վստահության խորհուրդ» մրցանակաբաշխության ժամանակ «Միջին մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող» անվանակարգում հաղթող է ճանաչվել:

Երևանի նախադպրոցական հաստատությունների բուժքույրերի համար «Առաջին բժշկական օգնություն» թեմայով դասընթացների պատշաճ կազմակերպման համար Քոլեջը 2019թ. ստացել է շնորհակալագրեր Երևանի քաղաքապետարանի և «World Vision Հայաստան»-ի կողմից: