2025թ. մայիսի 16-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում հյուրընկալվեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) դիտարկող խումբը։ Այցի նպատակը ոչ միայն արդեն իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքների վերլուծությունն էր, այլև՝ գնահատական տալն այն ազդեցությանը, որը թողել է հավատարմագրման գործընթացը քոլեջի որակի կառավարման ներքին մեխանիզմների և կրթական միջավայրի զարգացման վրա։
Քոլեջը 2023 թվականին ստանալով 4 տարի ժամկետով հավատարմագրում՝ որդեգրել է շարունակական բարելավման սկզբունքը։ Մշտադիտարկումը դիտարկում էր նաև, թե ինչպես են կյանքի կոչվել փորձագիտական խմբի կողմից նախկինում մատնանշված թերությունների վերացման ուղղությամբ մշակված քայլերը։
Մեկօրյա հանդիպումների շրջանակում կազմակերպվեցին ակտիվ քննարկումներ՝ ներգրավելով կառավարման և դասավանդման անձնակազմին, ուսանողներին, ինչպես նաև որակի ապահովման համակարգի պատասխանատուներին։ Քննարկումների առանցքային ուղղություններն ընդգրկում էին ուսումնական գործընթացների կատարելագործումը, մասնագիտական ներուժի զարգացումը, կրթական գործընթացում հետազոտական բաղադրիչի զարգացումը, միջազգայնացումը, ինչպես նաև որակի ներքին գնահատման գործիքների կիրառման փորձը։
Այսօր, կրթական հաստատության հաջողությունը չափվում է ոչ միայն ակադեմիական արդյունքներով, այլ նաև՝ ինքնավերլուծության, բաց ու շարունակական բարելավման կարողությամբ։ Այս համատեքստում ՈԱԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկումը կարևոր խթան է՝ խորացնելու որակի մշակույթը քոլեջում և խրախուսելու նոր նախաձեռնություններ՝ ուղղված կրթության արդիականացմանն ու կայուն զարգացմանը։
Նկարների սկզբնաղբյուր՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ֆեյսբուքյան պաշտոնական էջ