2026թ. հունիսի 20-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ. Մանուչարյանը, «Դեղագործական մոդուլների և դեղաբանության» ամբիոնի վարիչ Մ. Շահնազարյանը և «Դեղագործություն» մասնագիտության մի խումբ ուսանողներ Եվրասիա միջազգային համալսարանի հրավերով մասնակցեցին «Կրթության համապատասխանությունը գործատուի ակնկալիքներին» թեմայով պանելային քննարկմանը։
Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներ, գործատուներ, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, բժշկական քոլեջների ներկայացուցիչներ, դեղագործներ և դեղագետներ։
Միջոցառման ընթացքում լայն անդրադարձ կատարվեց կրթական ծրագրերի և դեղագործական շուկայի ժամանակակից պահանջների միջև համապատասխանության ապահովման կարևորությանը։ Քննարկվեցին ֆարմացիայի ոլորտի աշխատաշուկայի արդի պահանջները, գործատուների ակնկալիքները, ինչպես նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների մասնագիտական կարողությունների զարգացման առաջնահերթությունները։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց քոլեջ–բուհ–գործատու համագործակցության ընդլայնման և դրա արդյունավետության բարձրացման հնարավորություններին։
Հյուրերը՝ «Քլին Չոյս» միջազգային դեղագործական ընկերության գործադիր տնօրեններ Գարո Քիզրյանը և Անդրանիկ Բալյանը, «Էսկո-Ֆարմ» դեղագործական գործարանի տնօրեն Միքայել Թովմասյանը, ինչպես նաև «Սթաֆ Էյ Էմ» ընկերության տնօրեն Ալինա Գևորգյանը, սիրով պատասխանեցին մասնակիցների հարցերին, ներկայացրեցին ոլորտում առկա հնարավորությունները և անդրադարձան կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերին ու կադրային համալրման գործընթացներին։
Հանդիպումն անցավ հետաքրքիր և արդյունավետ մթնոլորտում, նպաստելով ուսանողների մասնագիտական կողմնորոշմանն ու գործատուների հետ կապերի ամրապնդմանը։
Միջոցառման արդյունքում ԵՀՊԲ քոլեջը ստացավ դեղագործական գործարաններ էքսկուրսիոն կարգով այցելելու հրավերներ՝ ծանոթանալու արտադրական գործընթացներին, գործարանային տեխնոլոգիաներին և դեղերի արտադրության առանձնահատկություններին։
Հունիսի 20, 2026թ.


