2024 թ․ հոկտեմբերի 8-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Հայոց անկախ պետականություն» խորագրով։ Միջոցառումը կազմակերպել էին «Քույրական գործ» բաժնի 204 խմբի ուսանողները «Պատմություն» առարկայի դասախոս Ա. Մարտիրոսյանի ղեկավարությամբ և «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոն»-ի վարիչ Ս. Տորտիկյանի աջակցությամբ։
Դասի նպատակն էր նպաստել ուսանողների հայրենասիրական դաստիարակությանը և անկախ պետականության կարևորության գիտակցման գաղափարն ամրապնդել նրանց մեջ:
Ուսանողները ներկայացրին, թե ինչպես հայ ժողովուրդը 1918թ-ի մայիսին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում դժվարին ու անհավասար պայքարում կարողացավ հաղթել թշնամուն և վերականգնել դարեր շարունակ կորցրած պետականությունը՝ ի լուր աշխարհի հռչակելով Հայաստանի առաջին անկախ հանրապետությունը:
Ուսանողները պատրաստել էին պաստառներ, տեսաֆիլմ, որոնց միջոցով կարողացան ավելի պատկերավոր ներկայացնել Հայաստանի անկախ հանրապետության ստեղծման պատմությունը: Նրանք ոգեկոչեցին հայ նշանավոր պետական գործիչների, գրողների, մտածողների խոսքերը հայրենիքի ու անկախ պետականության մասին: Ուսանողները գիտակցում էին, որ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար անչափ կարևոր է հայ ժողովրդի համախմբվածությունը, նվիրվածությունը հայրենիքին ու անկախ հայկական պետականությանը և, ամենակարևորը՝ որ իրենք են հայոց պետականության ապագա պահապանները:
Դաս-միջոցառումը ուսուցողական էր, տպավորիչ, դաստիարակող և ոգեշնչող։


