2024 թվականի փետրվարի 23–ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի ավագ գրադարանավար, «Հայոց պատմություն» առարկայի դասախոս Լ. Փափազյանը «Հանրակրթական ծրագրով» բաժնի 115 խմբի ուսանողների համար կազմակերպել էր էքսկուրսիա դեպի Ազգային գրադարանին կից գործող Գրատպության թանգարան: Էքսկուրսիայի նպատակը «Հայկական մշակույթը 15-17-րդ դարերում» թեմայի վերաբերյալ գիտելիքների ամրապնդումն էր, ինչպես նաև հետաքրքրության սերմանումը գրքերի, դրանց ընթերցանության և պահպանման նկատմամբ։
Գրատպության թանգարանում ուսանողներն ավելի մանրամասն ծանոթացան գրատպության պատմությանը, դիտեցին ցուցանմուշները, ունկնդրեցին էքսկուրսավարի՝ գեղեցիկ հայերենով մատուցած տեղեկատվությունը:
Մեծ հետաքրքրություն առաջացրեցին հատկապես առաջին տպագիր քարտեզը, տպագրական դազգահները․ բոլորն էլ առաջին անգամ էին լսում և տեսնում, թե ինչպես են տպագրվել և տպագրվում գրքերը։
Ուսանողներն առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին տիեզերքում «ուղևորություն կատարած և վերադարձած» հայրենատառ մագաղաթի նկատմամբ:
Նրանք հարցեր ուղղեցին էքսկուրսավարին, ստացան սպառիչ պատասխաններ, ապա միասին լուսանկարվեցին և իրենց տպավորությունները գրանցեցին այցելուների տպավորությունների մատյանում:
Էքսկուրսիան հագեցած էր և հետաքրքիր։
Փետրվարի 24, 2024թ.