2026թ․ մայիսի 13-ին Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 101 խմբի ուսանողները քոլեջի «Կենսաբանություն» առարկայի դասախոս Ա․ Երանոսյանի և «Քիմիա» առարկայի դասախոս Ն․ Հարությունյանի ուղեկցությամբ կատարեցին ճանաչողական և ուսուցողական այց դեպի Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ։
Այցի նպատակն էր ուսանողներին ավելի մոտիկից ծանոթացնել կենսաբանության ոլորտի ժամանակակից ուղղություններին, համալսարանական կրթական միջավայրին, ինչպես նաև ապագա մասնագիտական հնարավորություններին։
Դասախոսները ուսանողներին ներկայացրեցին կենսաբանության ֆակուլտետի գործունեությունը, կրթական ծրագրերը, գիտահետազոտական ուղղությունները, ուսանողական կյանքի առանձնահատկությունները, կրթական հնարավորությունները, գիտական նախագծերն ու մասնագիտական զարգացման ուղիները՝ ընդգծելով կենսաբանության և բժշկության սերտ փոխկապակցվածությունն ու դրանց կարևորությունը ժամանակակից աշխարհում։
Ուսանողները շրջեցին ֆակուլտետի լսարաններով և լաբորատորիաներով, ծանոթացան կենսաբանության տարբեր ոլորտներում իրականացվող հետազոտություններին, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներին ու ուսումնագիտական մեթոդներին։
Հանդիպումն անցավ հետաքրքիր և ուսուցողական մթնոլորտում։ Ուսանողները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, քննարկելու մասնագիտական թեմաներ և ստանալու օգտակար խորհուրդներ իրենց հետագա կրթության և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ։
Այցը ոչ միայն ընդլայնեց նրանց գիտելիքները, այլև դարձավ ոգեշնչող փորձառություն՝ նպաստելով գիտության նկատմամբ հետաքրքրության խորացմանն ու ապագա նպատակների հստակեցմանը։
Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ուսանողների կրթական և մասնագիտական զարգացման գործում, քանի որ հնարավորություն են տալիս անմիջական շփում ունենալ համալսարանական միջավայրի հետ, ծանոթանալ տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններին և ձևավորել նոր մոտիվացիա ապագա հաջողությունների համար։
Մայիսի 13, 2026թ.


