2026թ․ ապրիլի 17-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում տեղի ունեցավ համագործակցային հանդիպում Վանաձորի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական գործընթացին առնչվող կարևոր հարցեր, ինչպիսիք են մոդուլային ծրագրերը, գործող կարգերը, գնահատման համակարգը, ինչպես նաև իրականացվեցին դասալսումներ և շրջայց։ Կարևորվեց ուսումնական ռեսուրսների հասանելիությունն ու արդիականացումը՝ որպես ուսանողների կարողությունների զարգացման կարևոր գործոն։
Այցի շրջանակում հյուրերին ներկայացվեցին քոլեջի կրթական ծրագրերը, ուսումնական գործընթացի կազմակերպման մեխանիզմները, ժամանակակից լաբորատոր և սիմուլյացիոն հնարավորությունները, ինչպես նաև գործնական հմտությունների ձևավորման և գնահատման մեթոդաբանությունները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կրթության որակի ապահովման և շարունակական բարելավման համակարգերին։
Քննարկումների առանցքային ուղղություններից էր նաև բենչմարքինգը՝ որպես արդյունավետ գործիք կրթական հաստատությունների գործունեության գնահատման և լավագույն փորձի ներդրման համար։
Այցի ավարտին կնքվեց երկկողմ համագործակցության հուշագիր, որը նախատեսում է՝
- ✦ կրթական ծրագրերի համատեղ մշակում և արդիականացում,
- ✦ դասախոսական կազմի վերապատրաստում,
- ✦ հետազոտական և մեթոդական աշխատանքների իրականացում,
- ✦ որակի ապահովման և բենչմարքինգի համատեղ հարթակների ստեղծում։
Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու հաստատությունների միջև ռազմավարական գործընկերության ձևավորման ճանապարհին՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը և առողջապահական ոլորտի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։
Հանդիպումն անցավ կառուցողական և գործընկերային մթնոլորտում՝ հաստատելով շարունակական համագործակցության պատրաստակամությունը։
Ապրիլի 17, 2026թ.


