2026 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Համապետական դեղագիտական առաջնություն 2026» խորագրով մրցույթ-միջոցառումը։
«Դեղագետի օրվան» նվիրված ամենամյա միջոցառումներին մասնակցելը Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողների համար տարիներ շարունակ դարձել է գեղեցիկ և սպասված ավանդույթ։
Այս տարի ևս «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը՝ «Թովմասյան» հիմնադրամի հետ համատեղ, «Դեղագետի միջազգային օրվա» առթիվ ԵՀՊԲ քոլեջի «Դեղագործություն» բաժնի ավարտական կուրսի ուսանողներին հրավիրեց մասնակցելու տարվա ամենասպասված և մասշտաբային մասնագիտական միջոցառումներից մեկին՝ «Համապետական դեղագիտական առաջնություն 2026» մրցույթին։
Միջոցառման նպատակն էր համախմբել ոլորտի լավագույն մասնագետներին, գնահատել և զարգացնել դեղագետների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, խրախուսել մասնագիտական առաջընթացը և նպաստել առողջապահության ոլորտի զարգացմանը։
Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև «Կլինիկական դեղագիտության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ոլորտի արդի խնդիրներին և զարգացման հեռանկարներին։
Մեր ուսանողներից ձևավորված «Pharma Vibes» թիմը միակն էր, որը մրցույթում ներկայացնում էր բժշկական քոլեջի ուսանողներին։ Թեև մրցույթին մասնակցում էին ոլորտում արդեն իսկ կայացած և մասնագիտական գործունեություն ծավալող դեղագետներ, մեր ուսանողները պատվով ներկայացան՝ դրսևորելով մեծ ոգևորություն, պատասխանատվություն, թիմային ոգի և մասնագիտական հետաքրքրվածություն։
Մրցույթին մասնակցությունը ուսանողների համար դարձավ կարևոր և արժեքավոր փորձառություն՝ նպաստելով նրանց մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանը, ընտրած մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խորացմանը, ինչպես նաև դեղագործության ոլորտի գիտելիքների առավել խոր ուսումնասիրման և մասնագիտական հմտությունների զարգացման կարևորության գիտակցմանը։
Ուսանողներին ուղեկցում էին «Դեղագործական մոդուլների և դեղաբանության ամբիոն»-ի վարիչ Մ. Շահնազարյանը և «Ֆարմակագնոզիա» մոդուլի դասավանդող Ն. Սարիբեկյանը։
Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ ուսանողներին նման կարևոր և մասնագիտական զարգացմանը միտված միջոցառմանը ներգրավելու, ոլորտի առաջատար մասնագետների հետ շփվելու և արժեքավոր փորձառություն ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար։
Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն ապագա մասնագետների մասնագիտական կայացման, ոլորտի նկատմամբ հետաքրքրության խթանման և երիտասարդ դեղագետների զարգացման գործում։

