2026թ. հունիսի 4-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի 308 խմբում, առարկայական խմբակի աշխատանքների շրջանակում, «Վիրաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, աչքի և ԼՕՌ հիվանդությունների» ամբիոնի դասախոս Շ. Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվեց «Սեռական օրգանների հիվանդություններ» խորագրով դաս-միջոցառում։
Դաս-միջոցառման նպատակն էր բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը թեմայի վերաբերյալ, նպաստել առողջ ապրելակերպի մշակույթի և պատասխանատու վարքագծի ձևավորմանը, ինչպես նաև ընդլայնել վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված գիտելիքները, ընդգծելով կանխարգելիչ բժշկության կարևորությունը։
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին թեմային առնչվող զեկույցներ և մասնագիտական նյութեր, քննարկեցին սեռական օրգանների առավել տարածված հիվանդությունները, դրանց առաջացման պատճառները, կանխարգելման և վաղ ախտորոշման նշանակությունը։ Հատուկ շեշտադրվեց, որ երեխաների և երիտասարդների առողջության ու իրավունքների պաշտպանության կարևոր նախապայմաններից են որակյալ կրթությունը, առողջ արժեքային համակարգի ձևավորումը, առողջապահական գրագիտության բարձրացումը և հիմնավոր գիտելիքների առկայությունը, որոնք հիմք են առողջ, գիտակից և պատասխանատու հասարակության կայացման համար։
Դաս-միջոցառումն անցկացվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ մեկ անգամ ևս ընդգծելով երիտասարդ սերնդի առողջության պահպանման, կրթության և համակողմանի զարգացման կարևորությունը։
Հունիսի 4, 2026թ.


