Յուրաքանչյուր դասը ինքնուրույն ստեղծագործություն է, և յուրաքանչյուր ուսուցիչ այն մատուցում է իր յուրահատուկ ոճով։
2025թ. հոկտեմբերի 24-ին Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Հանրակրթական ծրագրով» բաժնի 107 խմբի ուսանողները ներկայացրին գործնական աշխատանք «Էպոսը՝ որպես ազգային ինքնության արտահայտություն տարբեր ժողովուրդների մոտ» խորագրով։ Գործնական աշխատանքն անցկացվեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասախոս Ա․ Եղոյանի ղեկավարությամբ և «Հանրակրթական առարկաների, լեզուների և հասարակագիտական առարկաների» ամբիոնի վարիչ Ս․ Տորտիկյանի աջակցությամբ։
Գործնական աշխատանքի նպատակն էր ցույց տալ, որ յուրաքանչյուր ժողովրդի էպոսը ոչ միայն գրական ստեղծագործություն է, այլև ազգային հոգեբանության, արժեհամակարգի և պատմական հիշողության արտահայտություն։ Նպատակն ամբողջությամբ իրականացվեց․ ուսանողները կարողացան բացահայտել, թե որքանով է հերոսական կերպարը պայմանավորված տվյալ ժողովրդի ազգային մտածողությամբ։
Աշխատանքի ընթացքում ուսանողները համեմատեցին տարբեր ժողովուրդների էպոսները՝ հայկական, ֆրանսիական, անգլիական, հունական, ռուսական, գերմանական և պարսկական, և վերլուծեցին դրանց գաղափարական հիմքերը։
Գործնական աշխատանքը սկսվեց կարճ տեսանյութով, որն ընդգծում էր մշակույթի փոխանցումը սերունդներին՝ բարձրացնելով ուսանողների մոտիվացիան և դառնալով քննարկման բնական մեկնակետ։
Նյութը ներկայացվեց հետևյալ հաջորդականությամբ՝
- ✧ էպոսի դերը մշակութային հիշողության մեջ,
- ✧ ազգային ինքնության բաղադրիչները,
- ✧ տարբեր ժողովուրդների էպոսներում արտացոլված գլխավոր գաղափարները։
Կիրառվեց համեմատական վերլուծության մեթոդը։ Աշխատանքն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում ուսանողները փորձեցին բացատրել տարբեր ժողովուրդների հերոսական պատկերացումների ձևավորման հիմքերը։
Սահիկների և պաստառների միջոցով ներկայացվեցին էպոսները, հերոսները և նրանց ազգային դիմագիծը։ Կիրառվեցին նաև այլ մեթոդներ, այդ թվում՝ «Ազգային արժեքների քարտեզ» վարժությունը։ Արդյունքներից պարզ դարձավ, որ ուսանողները լիարժեք յուրացրել էին թեմայի հիմնական գաղափարը։
Տարբեր ժողովուրդների էպոսների ուսումնասիրությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ էպոսը յուրաքանչյուր ազգի համար ոչ միայն գրական ժառանգություն է, այլ ազգային ինքնության կրող և հոգևոր դիմանկարը ձևավորող ուժ։ Էպոսներում արտացոլվում են ժողովրդի իդեալները, կյանքի կերպը, հերոսական մտածողությունն ու պատմական հիշողությունը՝ կապելով անցյալն ու ներկան և միավորելով սերունդներին։


