2022-2023 ուստարվա ընդունելություն

19 հուլիսի, 2022թ․

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» 100% պետական մասնակցությամբ ՓԲԸ

ընդունվողների համար հայտարարում է 2022-2023 ուստարվա

ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ

Միջնակարգ կրթությամբ դիմորդների համար՝ վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում։ Հիմնական կրթությամբ դիմորդների համար անվճար և վճարովի հիմունքներով ուսուցման տեղերում հետևյալ մասնագիտությունների գծով.

Մասնագիտություն
Որակավորում
Կրթության հիմք
Ուսուցման տարիների թիվը
Քույրական գործ
Բուժքույր/բուժեղբայր
12 ամյա
3 տարի
9 ամյա
4 տարի
Մանկաբարձական գործ
Մանկաբարձ
12 ամյա
3 տարի
9 ամյա
4 տարի
Դեղագործություն
Դեղագործ
12 ամյա
2 տարի
9 ամյա
3 տարի
Բուժական կոսմետոլոգիա
Բուժքույր/բուժեղբայր կոսմետոլոգ
12 ամյա
2 տարի
9 ամյա
3 տարի
Ատամնատեխնիկական գործ
Ատամնատեխնիկ
12 ամյա
2 տարի
9 ամյա
3 տարի

Ուսուցումը առկա է (ստացիոնար), հայերեն լեզվով։

Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային կրթական չափորոշիչներով և ծրագրերով: Քոլեջի շրջանավարտները դիպլոմներ ստանալուց հետո կարող են անցնել աշխատանքի ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում (քոլեջի ավարտական դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, ԱՊՀ-ի բոլոր երկրներում, եվրոպական մի շարք երկրներում)։

Քոլեջը ՀՀ միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման ամենաառաջին կրթօջախն է, որը հիմնադրվել է 1921թ. և որի բազայի վրա հետագայում ստեղծվել են տարբեր պետական բժշկական քոլեջներ: Քոլեջը հանրապետության բուժկանխարգելիչ հաստատությունների կողմից ճանաչված է որպես համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պատրաստման լավագույն դարբնոց:

Քոլեջի գերազանց բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ՀՀ պետական բուհերի 2-րդ կուրսերում հեռակա ուսուցմամբ՝ քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն։

Քոլեջ կարող են դիմել հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք, որոնք հանձնում են քննություն «Կենսաբանություն» առարկայից:

Դիմորդը դիմում հայտը և փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, dimord.emis.am կայքի միջոցով, հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00։ Դիմորդը՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև՝

  1. լուսանկար (3×4 չափսի),
  2. կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
  3. անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
  4. կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
  5. ընդունելության կարգով սահմանված՝ ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
  6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճեները (առկայության դեպքում),
  7. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության գնահատականի վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
  8. աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),
  9. դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար քոլեջի հաշվեհամարին իր անվամբ (անուն, ազգանուն, հայրանուն) փոխանցում է 1000 (հազար) ՀՀ դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ ներկայացնում է նաև քոլեջի հաշվեհամարին (Հ/Հ 24124004380200 (Յունի բանկ ԲԲԸ), ՀՎՀՀ 01503765) փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:

Արտերկրի դիմորդները նաև պետք է ներկայացնեն կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով) թարգմանված և նոտարական վավերացմամբ, անձնագրի, ծննդյան վկայականի պատճեները՝ թարգմանությամբ և նոտարով վավերացված, ինչպես նաև բժշկական տեղեկանք՝ ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի
Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից)։

Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության։

Քոլեջում ընդունելության քննությունները անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում։ Դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննական թերթիկը, որում նշվում է քննության օրվա ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որի թղթային տարբերակով և անձը հաստատող փաստաթղթի հետ միասին դիմորդը ներկայանում է քննության։

Քոլեջում ընդունելությունն իրականացվում է «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայից ընդունելության բանավոր քննության արդյունքների հիման վրա, ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով` ընդունելության քննությունից 8 և ավելի միավորներ ստացած դիմորդների միջև:

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՄ նախարարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում: Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի միավորների (այդ թվում՝ քննական միջին թվաբանականի և ընդունելության քննության գնահատականի ու ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը։ Մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում՝ ըստ սահմանված՝ հերթականության առավելությունը տրվում է՝

  1. դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.
  2. հիմնական կրթության վկայականի միավորների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին,
  3. ընդունելության մրցութային առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
  4. վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո:

Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են անմիջապես մրցույթի արդյունքների ամփոփումից հետո։

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:

Քոլեջի միջին մասնագիտական կրթության վճարովի համակարգ ընդունված ուսանողի համար 1 տարվա ուսման վարձը կազմում է 320.000 ՀՀ դրամ:

Հիմնական կրթություն ունեցող ուսանողների համար վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին տարվա ուսման վարձը կազմում է 300.000 ՀՀ դրամ, իսկ ուսումնառության հաջորդ կուրսերում այն սահմանվում է՝ յուրաքանչյուր տարի 320.000 ՀՀ դրամ:

Քոլեջում գործում են ուսման վարձերի լրիվ և մասնակի զեղչեր, ինչպես նաև տրվում է անվանական կրթաթոշակ:

Քոլեջ ընդունված ուսանողի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր։

Քոլեջում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և պետական կրթաթոշակ սահմանելու կարգը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 04.11.2021թ. թիվ 1784-Ն որոշմամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին։

Հասցե՝ ք. Երևան, Կորյունի 10

Հեռախոսներ` (012) 58 07 23, (012) 52 58 08