2026թ․ փետրվարի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի հրավերով և համագործակցության շրջանակներում Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի «Դեղագործություն» բաժնի ուսանողները «Դեղագործական մոդուլների և դեղաբանության» ամբիոնի վարիչ Մ․ Շահնազարյանի և քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատու Լ․ Մանուչարյանի ուղեկցությամբ մասնակցեցին «Ֆարմացիան որպես ապագայի մասնագիտություն» խորագրով միջոցառմանը։
Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին ԵՄՀ ռեկտոր Ս․ Օհանյանի ողջույնի խոսքը, որտեղ նա կարևորեց նման ձևաչափի նախաձեռնությունների դերը՝ ընդգծելով, որ բուհը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման հարթակ, այլև մասնագիտական ինքնորոշման ու զարգացման միջավայր։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ֆարմացիայի ամբիոնի դասախոսների թեմատիկ ելույթները դեղագիտական տրամաբանության զարգացման, ինչպես նաև դեղերի հետազոտման սպեկտրալ մեթոդների վերաբերյալ։
Ուսանողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Dose of Knowledge» խաղ-մրցույթին, որը ստեղծեց մրցակցային, բայց միաժամանակ ջերմ ու ներշնչող մթնոլորտ։ Խաղի ավարտին բոլոր թիմերը խրախուսվեցին գիրք-նվերներով։
Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրին լաբորատոր փորձերը, որոնց ընթացքում ուսանողները մասնակցեցին՝
- ✧ դեղամիջոցների նույնականացման,
- ✧ պիտանելիության ժամկետի որոշման,
- ✧ լուծույթների պատրաստման,
- ✧ դեղերի որակական հայտնաբերման ռեակցիաների կատարման գործընթացներին։
Փորձարարական միջավայրը հնարավորություն տվեց ուսանողներին իրենց զգալ որպես ապագա մասնագետներ՝ տեսական գիտելիքները կիրառելով գործնականում։
Ուսանողները տպավորված էին միջոցառման ջերմ և մոտիվացնող միջավայրից, որը ևս մեկ անգամ ընդգծեց ուսման կարևորությունն ու լավ մասնագետ դառնալու հեռանկարը։
